Գյուղատնտեսության Ոլորտի Աջակցում

(ֆինանսավորող` KfW բանկային խումբ)

«Գյուղատնտեսության Ֆինանսավորում» վարկային ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ գյուղացիների վարկավորումն արդյունավետ ու շահութաբեր դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և տեխնիկական գիտելիքներ: Ֆինանսական ոլորտից բացի Ծրագիրը նախատեսված է նաև ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու այդ ոլորտում իրականացվող ներդրումների աճին:

Ծրագրի իրականացման նպատակով KfW-ի կողմից երկու փուլով տրամադրվել են 15 մլն. ական Եվրոյի չափով վարկեր՝ ընդհանուր 30 մլն Եվրո: Առաջին փուլի համաֆինանսավորման նպատակով մոտ 5.5 մլն. ԱՄՆ դոլար տրամադրվել է նաև ՀՀ Կառավարության կողմից՝ նախկինում գործող «Վարկային Երաշխիքների Հիմնադրամ» ծրագրի (ՎԵՀ) համար KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի չօգտագործված մասի հաշվին: ՎԵՀ ծրագիրը գործում էր Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում, և փակվել է 2010թ-ի դեկտեմբերին:

2017 թվականի ապրիլին ԳՀՀ-ԳՖ ծրագրի միջոցները գործենկեր ֆինանսական կազմակերպությունների (ԳՖԿ) միջոցով ամբողջությամբ տեղաբաշխված էին։

Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով: Շահառուներ կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ-ները և անհատ գյուղացիները: Ներկայումս վարկերը տրամադրվում են Ծրագրի վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին միայն ներդրումային և արժեշղթաների ֆինանսավորման նպատակով, որը որպես պիլոտային կոմպոնենտ ներդրվեց Ծրագրի երկրորդ փուլում:

Բացի վարկային բաղադրիչից, Ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև տեխնիկական օժանդակության բաղադրիչ, որի շրջանակներում իրականացվել են ԳՖԿ-ների վարկային մասնագետների վերապատրաստումներ, գյուղատնտեսության ոլորտում ՓՄՁ-ների վարկավորման նոր տեխնոլոգիայի և այդ ոլորտում այսպես կոչված «տեխնիկական քարտերի» ներդրում ԳՖԿ-ներում:

Ծրագրի շրջանակներում տեխնիկական օժանդակությունն իրականացվել է միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից: Առաջին փուլի խորհրդատու ընտրվել էր «Frankfurt School of Finance and Management», իսկ երկրորդ փուլի խորհրդատուն՝ BFC ընկերությունը: Վերջինս սերտորեն համագործակցել է ԳՖԿ-ների, ենթադրյալ շահառուների, մատակարարների եւ այլ հնարավոր գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ՝ գյուղատնտեսական արժեշղթաներ ստեղծելու համար, և մշակել է հատուկ վարկային մեխանիզմներ դրանց վարկավորման համար:

Վարկերը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին տրամադրվում են վերաֆինանսավորման սկզբունքով, 5 տարի մարման ժամկետով և շուկայական տոկոսադրույքով:

Ծրագրի մեկնարկից մինչև 2018թ-ի դեկտեմբերի 31-ը տրամադրվել է մոտ 18,837 վարկ՝ 44 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որից 1,080 վարկ տրամադրվել է պիլոտային «արժեշղթաների ֆինանսավորման» շրջանակներում՝ մոտ 415 մլն ՀՀ դրամի չափով:

2018 թվականի վերջի դրությամբ Ծրագրի ընթացիկ վարկային պորտֆելը կազմում է 14․8 միլիարդ ՀՀ դրամ, որը ներառում է 8,751 վարկ: