Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) աջակցում

ԳՀՀ կողմից իրկանացվող բոլոր ՓՄՁ ծրագրերը պետք է համապատասխանեն ԳՀՀ-ի "Բնապահպանական դիտազննման ընթացակարգ"-ին:

ՓՄՁ աջակցության ծրագիր (ֆինանսավորող` KfW)

ԳՀՀ կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի նպատակն է` զարգացնել Հայաստանի ‎ֆինանսական հատվածը, մասնավորապես` միկրո, փոքր և միջին մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ և շահութաբեր դարձնելու համար ՀՀ առևտրային բանկերին տրամադրել անհրաժեշտ ‎‎ֆինանսական միջոցներ: Միաժամանակ ապահովել ծրագրի գործընկեր բանկերում նոր վարկային տեխնոլոգիաների ներդրումը և բարձրորակ վարկային մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:

Սկսած 1999 թ. KfW-ն ՀՀ կենտրոնական բանկին չորս պայմանագրով տրամադրել է 16.8 մլն եվրոյի վարկային և երեք պայմանագրով` 2.2 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Վարկային պայմանագիրը կնքված է տարեկան 0.75% տոկոսադրույքով, 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ:

 

ՓՄՁ աջակցության ծրագիր (ֆինանսավորող`ՀՀ կառավարություն)

ՀՀ Կառավարությունը հիմք ընդունելով ԳՀՀ-ՄՓՄՁ Ծրագրի հաջողված փորձը 2008թ. դեկտեմբեր ամսին հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մասնավոր փոքր և միջին ձեռներեցության խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԳՀՀ-ին տրամադրեց հավելյալ 15.2 միլիարդ ՀՀ դրամ վարկային միջոցներ: Սույն ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ԳՀՀ-ՄՓՄՁ ծրագրի տեխնոլոգիայով, վարկավորման միևնույն պայմաններով: Ծրագիրն ավարտվել է 2013թ. նոյեմբերին:

 

ՓՄՁ ՖՄՀ ծրագիր (ֆինանսավորող` Համաշխարհային բանկ)

Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ՀՀ-ում մասնավոր փոքր և միջին ձեռներեցության խթանման նպատակով 2009թ-ի փետրվարի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև կնքվեց պայմանագիր 50 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ: “Փոքր և Միջին Ձեռնարկությունների Ֆինանսական Միջոցների Հասանելիություն (ՓՄՁՖՄՀ)” ծրագրի հիմնական նպատակն է պահպանել կամ մեծացնել վարկային միջոցների հասանելիությունը փոքր և միջին չափի ձեռնարկությունների համար, դրանով իսկ նպաստելով դրանց աճին: Վարկը տրամադրվեց 26.5 տարի ժամկետով: Համաշխարհային բանկի կողմից սահմանված ցուցանիշների համաձայն ընտրվեցինին գործընկեր բանկեր, որոնց հետ ԳՀՀ ԾԿԳ-ի կողմից կնքվեցին համապատասխան գլխավոր վարկային պայմանագրեր:

 

Կանանց Ձեռներեցության Աջակցման Ոլորտի Զարգացման ծրագիր (ֆինանսավորող` ԱԶԲ)

Ասիական Զարգացման Բանկի «Կանանց Ձեռներեցության Ոլորտի Աջակցման և Զարգացման» ծրագրի շրջանակում 2013թ-ի հունվարի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ նոր վարկային պայմանագիր: Ծրագիրն ուղղված է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով խթանելու կանանց շրջանում ձեռներեցության զարգացումը`  մեծացնելով ազգային արժույթով ֆինանսական միջոցների հասանելիությունը կանանց ՓՄՁ-ների համար: Կանանց ՓՄՁ որակվելու նպատակով փոքր և միջին ձեռնարկությունները պետք է բավարարեն հետևյալ երեք չափանիշներից առնվազն մեկին` ձեռնարկության առնվազն 50%-ը պատկանում է կանանց կամ գլխավոր ղեկավարրների առնվազն 60%-ը կանայք են կամ աշխատակիցների առնվազն 50%-ը հանդիսանում են կանայք:

Ծրագրի միջոցների առնվազն 50%-ը պետք է տրամադրվի կանանց ՓՄՁ-ների: Ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկի և Ասիական Զարգացման Բանկի կողմից ընտրվել են հինգ գործընկեր ֆինանսական կազմակերպություններ, որոնց հետ կնքվել են համապատասխան վարկային պայմանագրեր: Ծրագրի համար նախատեսված վարկը ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել է 31.5 տարի ժամկետով:

 ՓՄՁ Գյուղատնտեսության և տուրիզմի ֆինանսավորման ծրագիր (Ֆինանսավորող՝ ԵՆԲ)

Ծրագիրը մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև 2014 թվականի դեկտեմբերի 4-ին 50 մլն Եվրոյի չափով (62.3 մլն ԱՄՆ դոլար) վարկային պայմանագրի կնքումով: ՀՀ կենտրոնական բանկին վարկը/վարկի մասնաբաժինը տրամադրվում է մինչև 15 տարի ժամկետով: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում գործող մասնավոր փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի հսկողությունն ու վարչարարությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հիմնարկը հանդիսացող «Գերմանահայկական Հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակի կողմից: Գործընկեր ֆինանսական կազմակերպություններին վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և մինչև 7.5 տարի ժամկետով, մայր գումարի` ժամկետի վերջում մարման պայմանով: Ծրագրի շրջանակում ԳՖԿ-ներին վարկերը տրամադրվում են վերաֆինանսավորման սկզբունքով` ֆինանսավորելու ԳՖԿ-ների սեփական միջոցների հաշվին տրամադրված և Ծրագրի պահանջներին համապատասխանող ենթավարկերը: Ընդ որում ԳՖԿ-ների կողմից ՀՀ կենտրոնական բանկին/ԳՀՀ ԾԿԳ-ին վերաֆինանսավորման կարող են ներկայացվել առավելագույնը 6 ամսվա վաղեմություն ունեցող ենթավարկերը: Ծրագրի Շահառուներ կարող են հանդիսանալ այն մասնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը: ԳՖԿ-ների կողմից Շահառուներին ենթավարկերը կարող են տրամադրվել հետևյալ պայմաններով. ՀՀ դրամով, ենթավարկի գումարը չի կարող գերազանցել 1 մլն Եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ենթավարկերը կարող են տրամադրվել մինչև 7.5 տարի ժամկետով` առնվազն 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով:


էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագիր (ֆինանսավորող` KfW)

Գերմանական Զարգացման Բանկը (KfW) իր քաղաքականության մեջ ճանաչել է էներգաարդյունավետության աճող կարևորությունը և այն նշանակալի դերը, որը կհատկացվի ԷԱ-ին ապագայում: 2016 թվականին Գերմանա-Հայկական հիմնադրամի հովանու ներքո նախաձեռնվեց «ԳՀՀ-ի էներգաարդյունավետություն ՄՓՄՁ-ների համար ծրագիր»-ը՝ խթանելու էներգաարդյունավետ ներդրումները հայկական ձեռնարկություններում: Ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել ՄՓՄՁ-ներին՝ նվազեցնելու իրենց էներգասպառումը և CO2 արտանետումները, այլ նաև սատարել նրանց՝ մրցունակության բարձրացման ուղղությամբ: