(ֆինանսավորող` KfW բանկային խումբ)
«Գյուղատնտեսության Ֆինանսավորում» (ԳՀՀ-ԳՖ) վարկային ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ գյուղացիների վարկավորումն արդյունավետ ու շահութաբեր դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և հիմնարար տեխնիկական գիտելիքներ: Ակնկալվում էր, որ Ծրագրի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու այդ ոլորտում իրականացվող ներդրումների աճին:
Ծրագրի իրականացման նպատակով KfW-ի կողմից երկու փուլով տրամադրվել է 2 վարկ, ընդհանուր 30 մլն. եվրո ծավալով՝ յուրաքանչյուրը 15 մլն. եվրոյի չափով: Առաջին փուլի համաֆինանսավորման նպատակով 5.5 մլն. ԱՄՆ դոլար տրամադրվել է նաև ՀՀ Կառավարության կողմից՝ նախկինում գործող «Վարկային Երաշխիքների Հիմնադրամ» ծրագրի (ՎԵՀ) համար KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի չօգտագործված մասի հաշվին: ՎԵՀ ծրագիրը գործում էր Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում և փակվել է 2010թ-ի դեկտեմբերին: 2017 թվականի ապրիլին Ծրագրի երկու փուլերի միջոցները ԳՖԿ-ների կողմից ամբողջությամբ տեղաբաշխված էին։
ԳՀՀ-ԳՖ Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով: Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն ՀՀ տարածքում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ-ները և անհատ գյուղացիները: Բացի վարկային բաղադրիչից, Ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև տեխնիկական օժանդակության բաղադրիչ, որի շրջանակներում իրականացվել են ԳՖԿ-ների վարկային մասնագետների վերապատրաստումներ, գյուղատնտեսության ոլորտում ՓՄՁ-ների վարկավորման նոր տեխնոլոգիայի և այդ ոլորտում այսպես կոչված «տեխնիկական քարտերի» ներդրում ԳՖԿ-ներում:
Ծրագրի շրջանակներում տեխնիկական օժանդակությունն իրականացվել է մի քանի միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից: Առաջին փուլի խորհրդատու էր ընտրվել «Frankfurt School of Finance and Management» ընկերությունը, իսկ երկրորդ փուլի խորհրդատու՝ BFC ընկերությունը: Վերջինս սերտորեն համագործակցել է ԳՖԿ-ների, ենթադրյալ շահառուների, մատակարարների և այլ հնարավոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ գյուղատնտեսական արժեշղթաներ ստեղծելու համար և մշակել է հատուկ վարկային մեխանիզմներ դրանց վարկավորման համար: Բացի այդ, խորհրդատուն օգնել է ԳՖԿ-ներին բարձրացնելու իրենց վարկավորման գործընթացի գործառնական արդյունավետությունը՝ նվազեցնելով գործառնական ծախսերը, որն էլ իր հերթին հանգեցրել է վարկի տոկոսադրույքների իջեցմանը:
Վարկերը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին տրամադրվում են վերաֆինանսավորման սկզբունքով, 5 տարի մարման ժամկետով և շուկայական տոկոսադրույքով:
Ստացված վարկերի ամբողջական տեղաբաշխումից հետո Ծրագրի շրջանակներում վարկավորման գործընթացը դեռ շարունակվում է՝ ԳՖԿ-ների կողմից կատարված մարումների հաշվին հատուկ վերականգնվող ֆոնդում կուտակված միջոցներով: Ծրագրի մեկնարկից մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ՓՄՁ-ներին տրամադրվել է 23,571 վարկ՝ 60.8 մլրդ. ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: 2020 թվականի վերջի դրությամբ Ծրագրի ընթացիկ վարկային պորտֆելը կազմել է 12.9 մլրդ. ՀՀ դրամ՝ ներառելով 4,974 վարկ:
2016թ.-ի միջկառավարական բանակցությունների ընթացքում Գերմանիայի և Հայաստանի կառավարությունները համաձայնության եկան շարունակելու գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում հաջող համագործակցությունը` որի արդյունքում մեկնարկեց «Գյուղատնտեսության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլը: Այդ նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին KfW բանկն ու ՀՀ Կենտրոնական բանկը կնքեցին նոր Վարկային պայմանագիր՝ 20 մլն. եվրո ընդհանուր գումարով:
ԳՀՀ «Գյուղատնտեսության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլն, ընդհանուր առմամբ, պահպանում է երկրորդ փուլի ֆինանսավորման մեխանիզմը՝ որպես գլխավոր բաղադրիչ: Վարկերը նախատեսվում են տրամադրել գյուղատնտեսության ոլորտի առաջնային արտադրողներին, մատակարարներին, վերամշակողներին և ծառայություններ մատուցողներին: Ի լրումն գլխավոր բաղադրիչի, կողմերը որոշեցին իրականացնել արժեշղթաների, օրգանական գյուղատնտեսությունում և գյուղատնտեսական կոոպերատիվներում ներդրումների ֆինանսավորման պիլոտային ծրագրեր՝ որպես երկրորդ բաղադրիչ:
Ծրագրի երրորդ փուլը նույնպես ներառում է տեխնիկական աջակցության բաղադրիչ, որի իրագործման համար անցկացված միջազգային բաց մրցույթի արդյունքում Շվեյցարիայում հիմնված «BFC - Business and Finance Consult» ընկերությունն ընտրվեց Ծրագրի խորհրդատու: Խորհրդատուն իր գործունեությունը սկսեց 2020 թվականի հոկտեմբերին` համապատասխան Խորհրդատվական պայմանագրի ստորագրմամբ:
Տեխնիկական աջակցությունը բաղկացած է երկու Բաղադրիչից: Առաջին Բաղադրիչը ներառում է գյուղատնտեսության վարկավորման ընդհանուր տեխնոլոգիաների զարգացման գործում ԳՖԿ-ներին ցուցաբերվող աջակցություն, ինչպես նաև վերոնշյալ արժեշղթաների ֆինանսավորման, օրգանական գյուղատնտեսության և գյուղատնտեսական կոոպերատիվների պիլոտային ուղղություններ: Երկրորդ Բաղադրիչն ուղղված է ԳՀՀ ԾԿԳ-ի, ինչպես նաև գործընկեր ֆինանսական կազմակերպություններում բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգի ներդրմանն ու զարգացմանը:
Ծրագրի 3-րդ փուլի իրականացման նպատակով ընտրվել են հետևյալ գործընկեր ֆինանսական կազմակերպությունները.