(ֆինանսավորող` KfW բանկային խումբ)
Ծրագրի նպատակն է ՀՀ դրամով հիփոթեքային վարկավորման ծավալների ընդլայնումը, հիփոթեքային վարկավորման ժամկետների երկարացումը, վարկերի տոկոսադրույքների ճկունության կիրառումը, վարկավորման և վարկի սպասարկման ընթացքում ռիսկերի կառավարման մեխանիզմների ներդրումը, Երևանի տարածքից դուրս բնակելի տների համար վարկերի առաջարկի ընդլայնումը, համեմատաբար համեստ եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների վարկավորումը և հիփոթեքային արժեթղթերի երկրորդային շուկայի հիմքերի ձևավորումը:
2006թ-ի մարտի 23-ին գերմանական KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեց համապատասխան պայմանագիր, որով նախատեսվում էր KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին 6,0 մլն եվրո վարկային միջոցների տրամադրում: 2007թ.-ի դեկտեմբերին կնքվեց գործող վարկային պայմանագրի շրջանակներում ֆինանսավորման ծավալների մեծացման և նոր վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ պայմանագիր (երկրորդ փուլ), ըստ որի գերմանական KfW բանկը «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկին տրմադրվեց ևս 6,0 մլն եվրո Գործընկեր Ֆինանսական Կազմակերպությունների (ԳՖԿ) կողմից տրված որակավորված հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորելու նպատակով' այսպիսով հասցնելով վարկային ծրագրի ծավալները մինչև 12,0 մլն եվրո:
Հիմնվելով Ծրագրի առաջին երկու փուլերի հաջողությունների վրա, 2010թ. ապրիլի 19-ին ՀՀ Կենտրոնական բանկի և KfW բանկի միջև կնքվեց վարկային նոր պայմանագիր' Գերմանահայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորում կայուն շուկայի զարգացում» (երրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակներում 20 մլն. եվրո վարկի տրամադրման վերաբերյալ: Ծրագրի երրորդ փուլի նպատակն է հատկապես գյուղական բնակավայրերում հիփոթեքային վարկերի տրամադրումը:
2016թ․-ի մարտի 31-ին «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» ծրագրի 4-րդ փուլի շրջանակներում Կենտրոնական բանկի և KfW-ի միջև կնքվեց 20 մլն եվրոյի Վարկային Պայմանագիր: Ծրագիրն ուղղված է Երևանում բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մարզերում հիփոթեքային շուկայի զարգացմանը:
2011թ.-ի հուլիսից «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրով ՀՀ բնակչությանը տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը իրականացվում է բացառապես «Ազգային Հիփոթեքային Ընկերության» միջոցով: