Մամուլի հաղորդագրություն
Գերմանահայկական հիմնադրամը բարելավում է կլիմայական ռիսկերի կառավարումը ԵՆԲ-ի «Ֆինանսական համակարգերի կանաչացում տեխնիկական աջակցության ծրագրի» շրջանակներում
Դիլիջան, հունիսի 4, 2025թ. – Գերմանահայկական հիմնադրամը (ԳՀՀ)՝ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ռազմավարական գործակցության շրջանակներում, հպարտությամբ հայտարարում է կլիմայական ռիսկերի կառավարման և հաշվետվողականության կարողությունների զարգացման վերաբերյալ դասընթացի հաջող ավարտի մասին, որը տեղի է ունեցել ս․թ․ հունիսի 3-4-ը, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս միջոցառումը Ֆինանսական համակարգերի կանաչացում տեխնիկական աջակցության ծրագրի մի մասն է, որը ուղղված է կլիմայական ռիսկերի հանդեպ ֆինանսական ոլորտի դիմակայունության ամրապնդմանը:
Գերմանա-հայկական հիմնադրամից, Կենտրոնական բանկից և 18 գործընկեր ֆինանսական կազմակերպություններից (ԳՖԿ) ավելի քան 40 մասնակիցներ հավաքվել էին երկօրյա ինտենսիվ վերապատրաստման համար, որի նպատակն էր բարելավել կլիմայական ռիսկերի գնահատման, ինչպես նաև ֆինանսական որոշումներ կայացնելու գործընթացում կլիմայական նկատառումների ներառման գիտելիքներն ու հմտությունները:
Ծրագիրը նաև արժեքավոր գործնական գիտելիքներ է տրամադրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայական սցենարային վերլուծությունը, ջերմային քարտեզների կիրառումը և հաշվետվողականության ստանդարտների կիրառումը միջազգային շրջանակներին համապատասխան, ինչպիսին IFRS S2-ն է:
Գերմանահայկական հիմնադրամին տրամադրվող «Ֆինանսական համակարգերի կանաչացում տեխնիկական աջակցության ծրագիրը» ներառում է մի շարք այլ բաղադրիչներ, այդ թվում՝
• Կանաչ ֆինանսների շուկայական հնարավորությունների բացահայտում,
• Կանաչ ֆինանսների հայեցակարգի մշակում՝ «Հայաստանի տնտեսական դիմակայունության» ծրագրի շրջանակում,
• Կլիմայական ռիսկերի իմացության և կառավարման բարելավում, գործիքների տրամադրում,
• Որպես գիտելիքի կենտրոն կանաչ ֆինանսների և կլիմայական ռիսկերի կառավարման ոլորտում ԳՀՀ-ի կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում։
Կարողությունների զարգացման միջոցառումից բացի, «Ֆինանսական համակարգերի կանաչացում» ծրագիրը շարունակում է խթանել Հայաստանի ֆինանսական հաստատությունների միջև համագործակցությունը, տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և տեխնիկական աջակցություն: Այս ներգրավվածությունը նպատակ ունի ապահովել, որ Հայաստանի ֆինանսական ոլորտը լավ դիրքավորված լինի աջակցելու ավելի կանաչ, ավելի կայուն տնտեսության անցմանը:
Այս նախաձեռնությունն ընդգծում է Գերմանահայկական հիմնադրամի առաջնորդությունը երկրի ֆինանսական համակարգում կայունությունը ամրապնդելու գործում և ամրապնդում է ԵՆԲ-ի առաքելությունը՝ խթանելու կլիմայական գործողությունները Եվրոպայում և aաշխարհում:
Ծրագրի մասին
ԵՆԲ «Ֆինանսական համակարգերի կանաչացում տեխնիկական աջակցության ծրագիրը» ֆինանսավորվում է Միջազգային կլիմայական նախաձեռնության (IKI) կողմից Գերմանիայի տնտեսական գործերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության (BMWK) անունից: Ծրագիրը նպաստում է NDC գործընկերության «Կենտրոնական բանկերի կանաչացման պատրաստակամության աջակցություն» նախաձեռնությանը՝ աջակցելով ֆինանսական համակարգերի կարգավորող մարմիններին Փարիզի համաձայնագրի նպատակների հետ համապատասխանեցման գործում:
Ավելին իմանալու համար այցելե՛ք Ֆինանսական համակարգերի կանաչացում ծրագրի կայք: