Մամլո հաղորդագրություն
Ս․թ․ հոկտեմբերի 27-ին մեկնարկել է KfW բանկի կողմից ֆինանսավորվող և Գերմանահայկական հիմնադրամ ԾԿԳ-ի կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում» վարկային ծրագրի 7-րդ փուլը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական Վերակառուցման բանկի (KfW) միջև 2024թ․ դեկտեմբերի 11-ին ստորագրված 26 մլն եվրոյի վարկային պայմանագրի շրջանակում:
Վարկային միջոցներն ուղղվելու են հայաստանյան ՓՄՁ-ների և ֆիզիկական անձանց կողմից վերականգնվող էներգիայի, մասնավորապես, արևային կայանների կառուցման և էներգիայի մարտկոցային համակարգի կուտակիչների ձեռքբերման նախագծերի, ինչպես նաև ՓՄՁ-ների կողմից էներգաարդյունավետ ներդրումների ֆինանսավորմանը։ Վարկային ռեսուրսների տրամադրումը շահառուներին իրականացվելու է ծրագրի շրջանակում ընտրված գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով։
Վարկային ծրագիրն ուղեկցվելու է տեխնիկական աջակցությամբ, որի նպատակը միջազգային ստանդարտներին համապատասխան արևային կայանների կառուցման ու մարտկոցային կուտակիչների տեղադրման գնահատումն է, ինչպես նաև էներգաարդյունավետ միջոցառումների բացահայտման և գնահատման կարողությունների ձևավորումն ու զարգացումը։ Տեխնիկական աջակցության նպատակով հատկացված դրամաշնորհային միջոցները տրամադրվել են Գերմանիայի Դաշնության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։