Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) աջակցում

ԳՀՀ կողմից իրկանացվող բոլոր ՓՄՁ ծրագրերը պետք է համապատասխանեն ԳՀՀ-ի "Բնապահպանական դիտազննման ընթացակարգ"-ին:

ՓՄՁ աջակցության ծրագիր (ֆինանսավորող` KfW)

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի ֆինանսական հատվածը, մասնավորապես` մասնավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումն ավելի արդյունավետ և շահութաբեր դարձնելու համար ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ միջոցներ: Ծրագիրը նպատակ ունի նաև Հայաստանի ֆինանսական հատվածում նոր վարկային տեխնոլոգիաներ ներդնելու, ինչպես նաև աջակցելու բարձրորակ վարկային մասնագետների վերապատրաստմանն ու շարունակական զարգացմանը:
Ծրագիրը հիմնվել է 1998թ-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Ֆինանսական համագործակցության մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում՝ համաձայն KfW բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև կնքված Վարկային Պայմանագրի: Համագործակցության շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկը KfW բանկից ստացել է ընդհանուր առմամբ 16.8 մլն եվրոյի չափով վարկային գիծ 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:
Ծրագրի շրջանակում վարկավորումն իրականացվում է վերաֆինանսավորման սկզբունքով՝ Գործընկեր Ֆինանսական Կազմակերպությունները (ԳՖԿ) իրենց միջոցների հաշվին նախապես տրամադրված և Ծրագրի պահանջներին բավարարող վարկերը ներկայացնում են ԳՀՀ ԾԿԳ հիմնարկին վերաֆինանսավորման: Եթե տրամադրվող վարկերը համապատասխանում են Ծրագրի պահանջներին, ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորում է այդ վարկերը: ԳՖԿ-ների կողմից ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերը պետք է լինեն տեղական արժույթով և շուկայական տոկոսարդույքով, որոնք ԳՀՀ կողմից վերաֆինանսավորվում են տեղական արժույթով, մինչև 5 տարի մարման ժամկետով:
Բացի վարկային բաղադրիչից, KfW բանկը ֆինանսավորել է նաև ԳՖԿ-ներին տեխնիկական օժանդակության տրամադրումը: 1999թ-ին որպես ծրագրի խորհրդատու է ընտրվել IPC խորհրդատվական ընկերությունը: Ծրագրի խորհրդատուն, սերտորեն համագործակցելով Գործընկեր Ֆինանսական Կազմակերպությունների հետ, մշակել է վարկավորման նոր տեխնոլոգիաներ և դրանք ներդրել գրեթե 6 տարվա ընթացքում: Ի հակադրություն միայն գրավի վրա հիմնված վարկավորման մեխանիզմների, որոնք առկա էին մինչև ծրագրի մեկնարկը, խորհրդատուն մշակել և ներմուծել է բոլորովին նոր մոտեցում՝ հիմնված ՓՄՁ բիզնես վերլուծության վրա, որտեղ գրավը չէր հանդիսանում վարկունակության գնահատման հիմնական չափանիշը: Նոր տեխնոլոգիայի ներդրումը նպաստեց Հայաստանում բիզնես վարկավորման վերափոխմանը և խթանեց առևտրային բանկերի զարգացումը:
Վարկային միջոցներն ամբողջությամբ տեղաբաշխելուց հետո վերաֆինանսավորման գործընթացը շարունակվում է ԳՖԿ-ներից ստացվող մարումների հաշվին հատուկ վերականգնվող ֆոնդում կուտակված միջոցներով: Ծրագրի մեկնարկից մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը Ծրագրի ԳՖԿ-ների միջոցով ընդհանուր առմամբ տրամադրվել է 75,723 վարկ՝ 293 մլրդ. ՀՀ դրամի չափով:
Ծրագրին մասնակցում է 11 ԳՖԿ՝ 10 առևտրային բանկ և 1 վարկային կազմակերպություն:

ՓՄՁ աջակցության ծրագիր (ֆինանսավորող`ՀՀ կառավարություն)

ՀՀ Կառավարությունը հիմք ընդունելով ԳՀՀ-ՄՓՄՁ Ծրագրի հաջողված փորձը 2008թ. դեկտեմբեր ամսին հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մասնավոր փոքր և միջին ձեռներեցության խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԳՀՀ-ին տրամադրեց հավելյալ 15.2 միլիարդ ՀՀ դրամ վարկային միջոցներ: Սույն ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ԳՀՀ-ՄՓՄՁ ծրագրի տեխնոլոգիայով, վարկավորման միևնույն պայմաններով: Ծրագիրն ավարտվել է 2013թ. նոյեմբերին:

 

ՓՄՁ ՖՄՀ ծրագիր (ֆինանսավորող` Համաշխարհային բանկ)

Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ՀՀ-ում մասնավոր փոքր և միջին ձեռներեցության խթանման նպատակով 2009թ-ի փետրվարի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև կնքվեց պայմանագիր 50 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ: “Փոքր և Միջին Ձեռնարկությունների Ֆինանսական Միջոցների Հասանելիություն (ՓՄՁՖՄՀ)” ծրագրի հիմնական նպատակն է պահպանել կամ մեծացնել վարկային միջոցների հասանելիությունը փոքր և միջին չափի ձեռնարկությունների համար, դրանով իսկ նպաստելով դրանց աճին: Վարկը տրամադրվեց 26.5 տարի ժամկետով: Համաշխարհային բանկի կողմից սահմանված ցուցանիշների համաձայն ընտրվեցինին գործընկեր բանկեր, որոնց հետ ԳՀՀ ԾԿԳ-ի կողմից կնքվեցին համապատասխան գլխավոր վարկային պայմանագրեր:

Կանանց Ձեռներեցության Աջակցման Ոլորտի Զարգացման ծրագիր (ֆինանսավորող` ԱԶԲ)

Ասիական Զարգացման Բանկի «Կանանց Ձեռներեցության Ոլորտի Աջակցման և Զարգացման» ծրագրի շրջանակում 2013թ-ի հունվարի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ նոր վարկային պայմանագիր: Ծրագիրն ուղղված է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով խթանելու կանանց շրջանում ձեռներեցության զարգացումը`  մեծացնելով ազգային արժույթով ֆինանսական միջոցների հասանելիությունը կանանց ՓՄՁ-ների համար: Կանանց ՓՄՁ որակվելու նպատակով փոքր և միջին ձեռնարկությունները պետք է բավարարեն հետևյալ երեք չափանիշներից առնվազն մեկին` ձեռնարկության առնվազն 50%-ը պատկանում է կանանց կամ գլխավոր ղեկավարրների առնվազն 60%-ը կանայք են կամ աշխատակիցների առնվազն 50%-ը հանդիսանում են կանայք:

Ծրագրի միջոցների առնվազն 50%-ը պետք է տրամադրվի կանանց ՓՄՁ-ների: Ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկի և Ասիական Զարգացման Բանկի կողմից ընտրվել են հինգ գործընկեր ֆինանսական կազմակերպություններ, որոնց հետ կնքվել են համապատասխան վարկային պայմանագրեր: Ծրագրի համար նախատեսված վարկը ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել է 31.5 տարի ժամկետով:

 ՓՄՁ Գյուղատնտեսության և տուրիզմի ֆինանսավորման ծրագիր (Ֆինանսավորող՝ ԵՆԲ)

Ծրագիրը մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև 2014 թվականի դեկտեմբերի 4-ին 50 մլն Եվրոյի չափով (62.3 մլն ԱՄՆ դոլար) վարկային պայմանագրի կնքումով: ՀՀ կենտրոնական բանկին վարկը/վարկի մասնաբաժինը տրամադրվում է մինչև 15 տարի ժամկետով: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում գործող մասնավոր փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի հսկողությունն ու վարչարարությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հիմնարկը հանդիսացող «Գերմանահայկական Հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակի կողմից: Գործընկեր ֆինանսական կազմակերպություններին վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և մինչև 7.5 տարի ժամկետով, մայր գումարի` ժամկետի վերջում մարման պայմանով: Ծրագրի շրջանակում ԳՖԿ-ներին վարկերը տրամադրվում են վերաֆինանսավորման սկզբունքով` ֆինանսավորելու ԳՖԿ-ների սեփական միջոցների հաշվին տրամադրված և Ծրագրի պահանջներին համապատասխանող ենթավարկերը: Ընդ որում ԳՖԿ-ների կողմից ՀՀ կենտրոնական բանկին/ԳՀՀ ԾԿԳ-ին վերաֆինանսավորման կարող են ներկայացվել առավելագույնը 6 ամսվա վաղեմություն ունեցող ենթավարկերը: Ծրագրի Շահառուներ կարող են հանդիսանալ այն մասնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը: ԳՖԿ-ների կողմից Շահառուներին ենթավարկերը կարող են տրամադրվել հետևյալ պայմաններով. ՀՀ դրամով, ենթավարկի գումարը չի կարող գերազանցել 1 մլն Եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ենթավարկերը կարող են տրամադրվել մինչև 7.5 տարի ժամկետով` առնվազն 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով: